Այսօր՝ նոյեմբերի 1-ին, հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որը հրավիրվել էր մեղադրյալ Արմեն Գևորգյանի միջնորդության քննարկման համար։ Նիստը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարան է մուտքագրվել մեղադրյալ Արմեն Գևորգյանի կողմից գրություն, որով խնդրել է նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում թույլատրել, որպեսզի մեկնի արտերկիր՝ մասնակցելու ԵԽԽՎ ֆորումի ծրագրին։
Գևորգյանը հայտնեց՝ Ստրասբուրգում տեղի է ունենալու հերթական խորհրդաժողովը, որին որպես ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային հարցերի հիմնական զեկուցող՝ պետք է մասնակցի 3-րդ անգամ։
Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը միջնորդության վերաբերյալ հայտնեց, որ առարկություններ չկան՝ հաշվի առնելով ներկայացված փաստաթղթերի բովանդակությունը։
Միայն հարցրեց, թե փաստաթղթերում նշվում է, որ վերջնաժամկետը ամսի 9-ն է, ինչու է վերադարձի ժամկետ նշվել նոյեմբերի 11-ը, Գևորգյանն ասաց՝ տոմսերի ձեռքբերման, չվերթների ժամանակահատվածով պայմանավորված։
Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ Գևորգյանը արտասահմանում ՀՀ շահերն է ներկայացնելու։