ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողություններով պարզվել են ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վնասի չափը, ինչպես նաև՝ հափշտակության մեխանիզմը, հայտնում են ՔԿ-ից։
Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ կաթնամթերքի արտադրության, կաթի փոշու ներմուծման և մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության կողմից պետբյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև կատարված մի շարք ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում փաստվել է, որ ընկերության կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող խեղաթյուրված տվյալներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 304.000.000 ՀՀ դրամի վնաս։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա որոշումներ են կայացվել՝ ընկերության հիմնադիր-տնօրենի և հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի առցանց լիազոր և օգտվող հանդիսացող, ընկերությունում գանձապահի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Ընկերության հիմնադիր-տնօրենի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված ՍՊ ընկերության կողմից հարկային մարմին են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ, որի արդյունքում արդեն իսկ պետական բյուջե է վերականգնվել 100.000.000 ՀՀ դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։
Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ կատարվում են վարույթից բխող անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: