ԲԴԽ-ում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, քննվում է Սյունիքի մարզի առաջին ատյան ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնեց՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանի կողմից ԱՆ ներկայացված հաղորդումը։
Միջնորդությամբ նշվել է, որ 2021 թ․ օգոստոսի 18-ին վարույթ ընդունված քրեական գործը դատավորի կողմից քննվել է շուրջ 2 տարի 6 ամիս և գործով նշանակված 30 դատական նիստերից 16-ը հետաձգվել են՝ այդպիսով գործով դատական նիստերի կայացման նպատակով անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերվել, գործը ողջամիտ ժամկետներում չի քննվել, ինչի արդյունքում քրեական վարույթը կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
«Դատավորի կողմից մի շարք դատական նիստերի հետաձգումը հիմնավոր չի եղել, ու ամբաստանյալների և նրանց պաշտպանների կողմից նիստին չներկայանալը չէր կարող նկատվել որպես հարգելի, քանի որ չէին ներկայացվել նրանց բացակայությունը հարգելի համարելու համար անհրաժեշտ և բավարար ապացույցներ»։
Մասնավորապես, 2021 թ․ դեկտեմբերի 3-ի դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալ Խաչատուր Գևորգյանի դիմումի հիման վրա՝ պայմանավորված վերջինիս առողջական վիճակով, այնինչ դիմումին կից ներկայացվել է ընդամենը բժշկական հաստատության կողմից տրամադրված տեղեկանք՝ վերջինիս կողմից հիվանդանոց այցելության մասին, սակայն առկա չէ նշում հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու անհրաժեշտության և դատական նիստին մասնակցությունն անհնարին դարձնող այլ հանգամանքների առկայության մասին։
Միջնորդությամբ նշվել է, որ գործով պաշտպան Կարեն Ալավերդյանի կողմից ներկայացվել են դատական նիստերի հետաձգման թվով 5 միջնորդություններ, դրանցից 2-ով նշվել է, որ համապատասխան բժշկական փաստաթղթերը կներկայացվեն լրացուցիչ՝ բժշկական օգնության դիմելուց հետո, սակայն դատավորի կողմից ներկայացված, որպես դատական նիստերի հետաձգման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի համաձայն՝ տվյալ նիստի համար այդպես էլ չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ մյուս դեպքում փաստաթուղթը ներկայացվել է միայն 8 օր անց։
Նաև դատական նիստի հետաձգման պատճառ է վկայակոչվել ամբաստանյալ Հրանտ Մարությանի դիմումը՝ այդ օրը իր հարսանեկան միջոցառումը նշանակված լինելու վերաբերյալ․ «Լիազոր մարմնի գնահատմամբ՝ սեփական հարսանեկան միջոցառման վերաբերյալ հանգամանքի վկայակոչումը միայն՝ առանց այդ փաստերի առնվազն անուղղակի ապացույցներ ներկայացնելու, չէր կարող հիմք հանդիսանալ դատական նիստի հետաձգման համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։