ԱԺ-ում Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել

Ազգային ժողովում Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում միջադեպ տեղի ունեցավ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև, որի ժամանակ ՔԿ նախագահը հայտարարեց․ «Ինձ երկու անգամ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Խոսում եք՝ կոռուպցիայից, հովանավորչությունից, դե, պատասխանեք»։

«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)»,-հայտնեցին դատախազությունից:

Հոդված 486. Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը

1. Արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել