2024 թվականի հոկտեմբերի 24-ին Միջազգային քրեական դատարանի (Հաագա, Նիդերլանդներ) պաշտոնաթող դատավոր, ՄՔԴ երրորդ նախագահ (2015-2018 թվականներին) և ՄՔԴ Կանոնադրության անդամ պետությունների վեհաժողովի նախկին նախագահ (2021-2023 թվականներին) տկն. Սիլվիա Ֆերնանդեզ դե Գուրմենդիին (Արգենտինայից ընտրված ՄՔԴ դատավոր) Սահմանադրական դատարանում հյուրընկալել են դատարանի փոխնախագահ, դատավոր պրն. Վահե Գրիգորյանը և դատավոր պրն. Դավիթ Խաչատուրյանը։
Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։
Ողջունելով հյուրին, փոխնախագահ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի Սահմանադրական դատարանի գործունեությունը, սահմանադրական արդարադատության ոլորտում առկա ձեռքբերումները և մարտահրավերները, քննարկվել են ՄՔԴ Կանոնադրության պահանջների կատարման առնչությամբ սահմանադրական արդարադատության ոլորտին վերաբերող խնդիրներ: