Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ բողոքի նոտա է հղվել Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունման կապակցությամբ։
Ադրբեջանը պահանջել է Եվրամիությունից զերծ մնալ «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարող, ներքին գործերին միջամտող, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարող կողմնակալ քայլերից»։
Հիշեցնենք՝ Բրյուսելում ընդունված բանաձեւով Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության առաջնորդների, լրագրողների, ակտիվիստների դեմ՝ երկրի ներսում եւ արտերկրում։
ԵԽ-ն վերահաստատել է իր պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եվրոպական խորհրդարանն ընդունված բանաձևով շեշտում է՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը հաղորդակցությանը վերաբերող խնդիրները պետք է բացառապես լուծվեն՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։