ՀՀ-ում այժմ գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում․ շրջանառում են այլ շնչառական վարակների հարուցիչներ. ԱՆ

Հոկտեմբերի առաջին շաբաթվանից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը։

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն իրականացնում է մշտադիտարկում այս հիվանդություններով պայմանավորված իրավիճակի զարգացման միտումներին հետամուտ լինելու նպատակով։ Ըստ այդմ` սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակն օրինաչափ և համահունչ է ներկայիս սեզոնին։

«Այսպես՝ 2024 թվականի հոկտեմբերի 3-րդ շաբաթվա ընթացքում արձանագրված սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշները նախորդ՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթվա համեմատ աճել են, սակայն նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր են։ Հարկ է նշել, որ այսօր համեմատաբար բարձր ցուցանիշներ գրանցվում են մինչև 4 տարեկան երեխաների շրջանում, որը կազմում է ընդհանուր դեպքերի 71%-ը։

Ներկա դրությամբ` ՀՀ-ում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում: Շրջանառում են այլ շնչառական վարակների՝ ռինովիրուսի, բոկավիրուսի կորոնավիրուսային հիվանդության (SARS-Cov-2) հարուցիչներ։

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու համար`

  • պատվաստվե՛ք գրիպի դեմ, դիմելով առողջության առաջնային պահպանման կազմակերպություն,
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համանունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային»,-հորդորում են Առողջապահության նախարարությունից։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել