Հոկտեմբերի առաջին շաբաթվանից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը։
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն իրականացնում է մշտադիտարկում այս հիվանդություններով պայմանավորված իրավիճակի զարգացման միտումներին հետամուտ լինելու նպատակով։ Ըստ այդմ` սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակն օրինաչափ և համահունչ է ներկայիս սեզոնին։
«Այսպես՝ 2024 թվականի հոկտեմբերի 3-րդ շաբաթվա ընթացքում արձանագրված սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշները նախորդ՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթվա համեմատ աճել են, սակայն նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր են։ Հարկ է նշել, որ այսօր համեմատաբար բարձր ցուցանիշներ գրանցվում են մինչև 4 տարեկան երեխաների շրջանում, որը կազմում է ընդհանուր դեպքերի 71%-ը։
Ներկա դրությամբ` ՀՀ-ում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում: Շրջանառում են այլ շնչառական վարակների՝ ռինովիրուսի, բոկավիրուսի կորոնավիրուսային հիվանդության (SARS-Cov-2) հարուցիչներ։
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու համար`
- պատվաստվե՛ք գրիպի դեմ, դիմելով առողջության առաջնային պահպանման կազմակերպություն,
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
- հագնվե´ք եղանակին համանունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային»,-հորդորում են Առողջապահության նախարարությունից։