«Ի՞նչ էիք անելու, որ ՍԴ-ն ասեր սահմանադրական չէ, որտեղի՞ց Ձեզ այդ երաշխիքները»․ Քրիստինե Վարդանյանը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հետևյալ հարցն ուղղեց փոխվարչապետին․ «2024 թ․ մայիսին Տավուշում այդ փաթեթավորմամբ իրականացրել եք զորքերի հետ քաշում, կբացատրե՞ք՝ մայիսին ինչ իրավական հիմքով եք Տավուշում իրականացրել զորքերի հետքաշում, ո՞նց ա էդպես ստացվել, որ էն փաստաթուղթը, որի հիման վրա այդ գործընթացն իրականացվել է, հիմա ենք մենք միայն քննարկում՝ 6 ամիս հետո, ՍԴ-ն էլ մի քանի օր առաջ ա ասել, որ սահմանադրական ա, ի՞նչ էիք անելու, եթե ՍԴ-ն ասեր, որ սահմանադրական չի, որտեղի՞ց Ձեզ երաշխիքները, որ ՍԴ-ն ասելու էր սահմանադրական ա, ԱԺ-ն էլ ասելու էր այո, վավերացնում եմ»։

Նա նաև հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ եթե չլինի էս փաստաթղթի ստորագրումը, կլինի ռազմական գործողություն։

Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ կանոնակարգը՝ որպես փաստաթուղթ, հիմնական իրավական հիմքը չէ սահմանզատման գործընթաց իրականցնելու համար, ուղղակի առաջին հատվածի իրականացման արդյունքում ստացված փորձն արձանագրվել է։

«Օպտիմիզացիայի իմաստ նրանում է, որ երբ Տավուշի մարզում սահմանի գիծը վերականգնել ենք, 100 մետրի շրջանակում որևէ օպտիմիզացիա տեղի չի ունեցել, գիծն անցել է 100 մետրի մեջտեղով 50 մետր էս կողմից, 50 մետր էն կողմից, բայց հենց Կիրանցում փորձը ցույց տվեց, որ օպտիմիզացիայի ինստիտուտը պետք է կիրառենք, իհարկե, փոխադարձ համաձայնությամբ»։

Նա նշեց՝ շատ ավելի կարևոր է, թե գիծը, որը վերականգնվում է, ինչ իրավական բազայով է հիմնավորված եղել Խորհրդային միության ժամանակ, որպեսզի դրա վերլուծությամբ դրանց փլուզման պահի դրությամբ իդենտիֆիկացվի այն օրենսդրական բազան, որը նկարագրել է մեր սահմանը, հենց այդպես էլ տեղի է ունեցել Տավուշի մարզում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել