«Մենք նման բան չէինք տեսել»․ գայլերը գյուղ են մտել, հոշոտել մի քանի տասնյակ կենդանիների

Գայլերը մտել են Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղ և հոշոտել գյուղացիներից մեկին` Մանվել Հակոբյանին պատկանող կենդանիներին։ Iravaban.net-ի հետ զրույցում Շատվանի վարչական ղեկավար Արսեն Մինասյանը հաստատեց տեղեկությունը, նշեց՝ տեղում համայնքապետարանի աշխատակիցներն են աշխատում, դեպքի մասին տեղյակ է նաև Ազգային անվտանգության ծառայությունը։

«Գայլերը հոշոտել են 70 մայր ոչխարի, 10 գառի, վիրավորել են 49 կենդանու։ Հիմա արձանագրություններ են կազմվում, այդ մարդուն պետք է փոխհատուցում տրվի, վարկ է վերցրել, անասուն է առել, բերել, այն էլ այսօր մի քանի ժամվա մեջ ամեն ինչ կորցրեց»,-նշեց Մինասյանը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ կենդանիները գյուղի դպրոցից մոտ 100 մետր հեռավորության վրա էին գտնվում՝ առանձնացված վայրում, որը ցանկապատված էր։

«Ցանկապատի վրայով թռել են, մտել ու հոշոտել կենդանիներին։ Սարի տակի գյուղերում նման բաներ լինում են, բայց այս անգամ վնասները շատ են, մենք նման բան չէինք տեսել։ Փորձանք է, երևի այսօր էլ այս մարդու հետ կատարվեց»,-նշեց Արսեն Մինասյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել