«Ձեր ժպի՞տն էլ է դրան վերաբերում, տիկի՛ն Սահակյան»․ նախագահող դատավորը՝ պաշտպանին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Հանրային մեղադրողն ասաց՝ ՍԴ-ն արձանագրել է, որ Քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված որևէ նորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու պարագայում, որևէ կերպ չի կարող համարվել քրեական վարույթը բացառող հանգամանք։

«Պնդումը, որ ՍԴ որոշումից հետո ամբաստանյալները նախկինում, ներկայիս մեղադրյալները չունեն մեղադրյալի կարգավիճակ, չի բխում այդ որոշումներից, բացի այդ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը այս պահի դրությամբ դադարեցված չէ, այդ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից, և այս պահի դրությամբ մեղադրյալները շարունակելու են մեղադրյալի կարգավիճակ ունենալ»,-ասաց Հովհաննիսյանը։

Հանրային մեղադրողի խոսքով՝ այս պահին պետք է քննարկվի ինքնաբացարկի հարցը, ինչից հետո մեղադրանքի կողմը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց՝ ուզում է հասկանալ՝ հիմա ինչով են զբաղվում, ինչին նախագահող դատավորը պատասխանեց՝ «Ձեր ժպի՞տն էլ է դրան վերաբերում, տիկի՛ն Սահակյան»։

Պաշտպանն ասաց, թե անհասկանալի է նախագահող դատավորի դիրքորոշումը, երբ ինչ-որ զեկույց անելուց հետո, ասում է՝ հիմա լսենք հանրային մեղադրողներին։ Այս խոսքից հետո դատավորը ընդհատեց՝ ասելով, որ ինչ-որ զեկույց չէր դա, այլ պարզաբանում էր։

«Ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ եք դուք էսքան մարդ ծանուցել, ի՞նչ ենք մենք այստեղ անում, ո՞վ ա ձեղ բացարկ հայտնելու, սա մի հատ հասկանանք, հետո տեսնենք՝ ինչ գործողություններ պետք է շարունակենք»,-ասաց Սահակյանը։

Նախագահող դատավորն ասաց․ «Տիկի՛ն Սահակյան, դատարանը Ձեզ խոսք կուղղի, կուզեք կհայտնեք բացարկ, չեք ուզի, չեք հայտնի, եթե գտնում եք, որ էստեղ անելիք չունեք, կարող եք լքել դատական նիստերի դահլիճը»։

Լուսինե Սահակյանն ասաց՝ ֆիքսվեց, որ ի սկզբանե դատարանը թույլատրել է ցանկացած պահի լքել դահլիճը, դատավորն ասաց՝ չի թույլատրվել, անընդհատ դրանից է խոսվում, ինչին ի պատասխան Սահակյանն արձագանքեց՝ «Ես դահլիճը լքելուց խոսեցի՞»։

Նախագահող դատավորն ասաց՝ երկխոսության չվերածի, Սահակյանը պատասխանեց՝ «Դե, ուրեմն, մի երկխոսեք», ինչից հետո նկատողություն հայտարարվեց պաշտպանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել