Ամուսնությունն անվավեր ճանաչելու հետևանքները

Ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը:

Դատարանի կողմից անվավեր ճանաչված ամուսնությունը չի առաջացնում ՀՀ Ընտանեկան օրենսգրքով ամուսինների համար նախատեսված իրավունքներ և պարտականություններ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, այն է` ամուսնությունն անվավեր ճանաչելը չի ազդում այդպիսի ամուսնությունից ծնված կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահից հետո` երեք հարյուր օրվա ընթացքում, ծնված երեխաների իրավունքների վրա, ինչպես նաև ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճիռ կայացնելիս դատարանը կարող է ճանաչել ամուսնուց ապրուստի միջոց ստանալու` մյուս ամուսնու (բարեխիղճ ամուսնու) իրավունքը, որի իրավունքները խախտվել են նման ամուսնության կնքմամբ, իսկ մինչև ամուսնությունն անվավեր ճանաչելու պահը ձեռք բերված համատեղ գույքը բաժանելիս դատարանը իրավունք ունի կիրառելու ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի նորմերը, այն է` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով, ինչպես նաև դատարանը կարող է լրիվ կամ մասնակիորեն վավեր ճանաչելու ամուսնական պայմանագիրը։

Ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կողմից համատեղ ձեռք բերված գույքի նկատմամբ կիրառվում են բաժնային սեփականության մասին քաղաքացիական օրենսդրության նորմերը։

Ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կնքած ամուսնական պայմանագիրը, որպես կանոն, ճանաչվում է անվավեր:
Բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահանջելու հատուցել իրեն պատճառված գույքային վնասը՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ամուսնությունն անվավեր ճանաչելու դեպքում բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահպանելու ամուսնության պետական գրանցման ժամանակ ընտրված ազգանունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել