ՀՀ-ն պատրաստ է Նախիջևանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցային կապ տրամադրել, բայց ոչ բոլորն են հակված օգտվել այս հնարավորությունից. Նիկոլ Փաշինյան

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ դիրքորոշումը՝ անդրադառնալով սահմանազատման գործընթացում վերջին շրջանում ունեցած արդյունքներին:

«Ունենք էական տեղաշարժ, ՀՀ-ի ու Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները վերջերս ստորագրել են սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որում արձանագրված է այն, ինչի շուրջ կողմերը հայտարարել են 8-րդ հանդիպման հաղորդագրության մեջ: Տարածաշրջանում իրադրության գնահատման ու տևական խաղաղության հաստատման առումով կարևոր է տարածաշրջանայի կոմունիկացիաների բացումը:

ՀՀ կառավարության կողմից որդեգրված «Խաղաղության խաչմերուկ» նախագծով նախատեսվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում ոչ միայն ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև, այլև ենթադրվում է, որ նման զարգացում պետք է լինի ՀՀ-ի ու Թուրքիայի միջև: «Խաղաղության խաչմերուկը» մեզ համար կարևոր է նաև այն պատճառով, որ դրանով հնարավորություն ենք ստանում երկաթուղային կապ ունենալ ԻԻՀ-ի հետ, ում հետ հարաբերությունները շատ կարևոր են մեզ համար, հնարավորություն ենք ունենում երկաթուղային կապ ունենալ Թուրքիայի, Եվրոպայի, ՌԴ-ի հետ: Ադբեջանն էլ հնարավորություն է ունենում ՀՀ-ի տարածքով երկաթուղային կապ ունենալ Թուրքիայի, Իրանի հետ: Այստեղ կարևոր է նաև Նախիջևանի ու Ադրբեջանի միջև ավտոմոբիլային ու երկաթուղային կապի հաստատումը ՀՀ-ի տարածքով: Մենք պատրաստ ենք նման հաղորդակցություն տրամադրել: Բայց պետք է նաև արձանագրենք, որ Նախիջևանը զրկված չէ տրանսպորտային կապից, որովհետև և՛ Իրանի տարածքով և՛ Թուրքիայի տարածքով Նախիջևանը հնարավորություն ունի կապ հաստատել Ադբեջանի հետ»,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ն պատրաստ է ցանկացած պահի ձեռնամուխ լինել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը:

«Պատրաստ ենք՝ ներառյալ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի ապահովմանը: Այս գործընթացին խանգարում է այն, որ մեր ոչ բոլոր գործընկերներն են պատրաստ հակված օգտվել մեր կողմից առաջարկվող հնարավորությունից: Քննարկվում է այն, թե ինչքանով է «Խաղաղության խաչմերուկը» տեղավորվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ: Փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը ՀՀ-ում պետք է ապահովեն երրորդ ուժեր, դա կապ չունի իրականության հետ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը մեջբերեց նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, ըստ որի՝ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդացության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպեու նպատակով:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա այնպիսի դրույթ, որով ՀՀ որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել