Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պարոն Սխինասի այցը Հայաստան և նշել, որ այն կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի քննարկմանն ու փոխգործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա կարևոր պահ է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների համար։ «Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում. մեկնարկում են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները, Եվրոպական խաղաղության հիմնադրամով Հայաստանի Հանրապետությանն աջակցելու որոշում կայացվեց, ինչը մենք բարձր ենք գնահատում»,– ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը փաստացի ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ։ Վարչապետը հավելել է, որ հատկապես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում իր ունեցած ելույթից հետո մեր երկրում ընթանում են քննարկումներ Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական Միության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ: «Սա պարզ հարց չէ, բայց դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս, ուստի անհրաժեշտ է այս թեմային մոտենալ մանրամասնորեն և համակողմանի։ Այստեղ կարևոր կլինի լսել նաև ԵՄ մեր գործընկերների դիտարկումները և խորհուրդները»,- ասել է Կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում: Վարչապետը կարևորել է նաև ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը՝ մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումներն առավել արդյունավետ առաջ մղելու գործում:
Մարգարիտիս Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, նպաստելու ՀՀ-ում բարեփոխումների առաջմղմանը: Միաժամանակ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը Վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ՀՀ Կառավարության հետ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:
Զրուցակիցները քննարկել են նաև այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետի, Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: