Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, քննարկվեց Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ըստ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ԱՆ ստացված հաղորդումը, որի ներկայացնողը եղել է տուժողի փաստաբան Արման Թամրազյանը։
«Դատավորը, քաջ տեղյակ լինելով, որ ամբաստանյալի պաշտպանը հանդիսանում է իր ուսանողական տարիների ընկերը, ում հետ ունեն ջերմ ընկերական հարաբերություններ, այցելում են միմյանց տուն, անգամ փաստված հանգամանք է, որ միմյանցից նվերներ են ընդունել, այնուամենայնիվ բացարկ չի հայտնել, և շուրջ 1 տարի գործը քննելուց, մի քանի դատական նիստեր նշանակելուց հետո բացարկ է հայտնել՝ փաստաբանի ներկայացրած միջնորդության հիման վրա»,-ասաց արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը։
Նրա խոսքով՝ հարուցված է եղել քրեական գործ, որի շրջանակներում դատավորը փաստաբանից ընդունել է նվեր՝ տնական քաշած կոնյակ, հետագայում քրեական գործը կարճվել է, դատավորը հայտնել է միմյանց միջև ունեցած ընկերական հարաբերությունների մասին, ինչից հետո նոր բացարկ է հայտնել։
Կարեն Անդրեասյանի հարցին, թե որտեղի՞ց են միմյանց հետ ջերմ հարաբերություններ ունենալու, նվերներ փոխանցելու տվյալները հայտնի դարձել, նախարարության ներկայացուցիչն ասաց՝ այդ մասին դատական նիստերի ընթացքում դատավորն է հայտնել։ Համապատասխան նիստի ձայնագրության արձանագրության՝ դատավորը հրապարակել է պաշտպանի բացարկի միջնորդությունը, նշել, որ առանց միջնորդությանն անդրադառնալու, ինքնաբացարկ է հայտնում, քանի որ մեկ այլ քրեական գործով ևս հայտնել է։ Այդ գործով դատական նիստերից մեկի ավարտին պաշտպանը թոռնուհու ծննդյան առթիվ իր կողմից պատրաստված կոնյակ է փոխանցել, ինչի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ և գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ քրեական հետախուզում չի իրականացվել։
Դատավոր Արթուր Ադամյանի պնդմամբ՝ միմյանց միջև եղած հարաբերությունները երբևէ չեն ազդել իր աշխատանքի վրա, նախկինում նման դեպքեր չեն եղել․ «Աշխատողս ասեց՝ ասել է իմ ձեռքի սարքածն ա, թող փորձի, գնահատական տա, էս ա եղել, եթե դա չլիներ, ես էլի ինքնաբացարկ էի հայտնելու, կաշկանդված չեմ եղել իմ հարաբերությունների հետ կապված, և ես գործը քննելու էի օբյեկտիվ ու դատական ակտը կայացնելով»։
Հարցին, թե մինչև նիստերը, կողմերին ներկայացվե՞լ է միմյանց հարաբերությունների մասին, դատավորն ասաց՝ չի ներկայացրել, որովհետև վերջինիս մասնակցությունից կաշկանդված չի եղել։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ԲԴԽ որոշումն այս հարցի վերաբերյալ կհրապարակվի սեպտեմբերի 17-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։