«Տնօրենը պարտավոր է բացատրություն տալ՝ ինչ իրավունքով է ՀՀ-ում՝ Երևանում, հայկական դպրոցի մուտքը գրված օտար լեզվով»․ ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կապված Ալեքսանդր Բլոկի անվան 122-րդ դպրոցի վերաբերյալ։

Խաչատրյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր՝ նշված դպրոցում երեխաներին դիմավորում են ռուսերենով արված պաստառներով․ «Այս դպրոցում հավանաբար սովորում են ռուս «խաղաղապահները»։

Iravaban.net-ը կապ հաստատեց Անի Խաչատրյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով․ «Դպրոցի մուտքը ռուսերենով էր գրված, տնօրենի աշխատասենյակում՝ իր սեղանին հայկականի հետ միասին դրված էր նաև ռուսական դրոշը։

Ես զանգ ունեցա դպրոց, որից անմիջապես հետո էջի նկարը փոխվեց։ Սա Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոց է։ Երևանում չկան ռուսական դպրոցներ, կան ռուսական թեքումով դպրոցներ, կան ռուսական դասարաններ որոշ դպրոցների ներսում, ընդամենը։

Սա հայկական դպրոց է, իսկ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է։ Երեխաները պետք է դպրոց գնան և իրենց մայրենի լեզվով մուտք գործեն դպրոց։

Տնօրենը պարտավոր է բացատրություն տալ՝ ինչ իրավունքով է ՀՀ-ում՝ Երևանում, հայկական դպրոցի մուտքը գրված օտար լեզվով»։

Կապ հաստատեցինք նաև դպրոցի հետ, որտեղից հայտնեցին, որ առանց Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության թույլտվության չեն կարող որևէ մեկնաբանություն տալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել