Ի՞նչ ժամկետներում պետք է բուժաշխատողները անհատական լիցենզիա ստանան

Iravaban.net-ը հայտնում է, որ Առողջապահության նախարարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2142N  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

 Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Նախագծով նախատեսվում է բուժաշխատողների ռեգիստրում ներառել նաև կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին), որը բուժաշխատողների անհատական լիցենզավորման ինստիտուտի ներդրման քայլերից մեկն է։

Բացի այդ, նախագծով ռեգիստրում գրանցվելու և անձնական հաշիվ վարելու իրավասությունը վերապահվել է միայն բուժաշխատողին, իսկ գործատուին հնարավորություն է տրվել ռեգիստրում տեսնել բժշկական հաստատությունում տվյալ պահին աշխատող բուժաշխատողների անձնական հաշիվները՝ միայն դիտման ռեժիմում»,- ասված է հիմնավորման մեջ։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել 2024 թվականի ապրիլի 4-ի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-164-Ն օրենքի կիրարկումը, հստակեցնել ռեգիստրում գրանվող սուբյեկտների կազմը, ավելացնել պահանջվող տեղեկատվությունը, մասնավորապես՝ անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի առկայությունը ռեգիստրում։

Հարկ է նշել, որ ավագ բուժաշխատողները անհատական լիցենզիա պետք է ստանան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները)՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել