«Պոտենցիալ շահառուների թիվը 250 ընտանիք է՝ 850 անձով և 4 զոհի ընտանիքներ»․ ՏԿԵ նախարարության պարզաբանումը

Այսօր մամուլում տեղ է գտել մի հրապարակում, որը ոչ ամբողջական, խեղաթյուրող և միակողմանի մեկնաբանությամբ ներկայացրել է աղետի գոտի հայտարարված Լոռու և Տավուշի մարզերում բնակչության կրած վնասների փոխհատուցման գործընթացը։ Այս մասին հայտարարություն է տարածել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Ժողովուրդ օրաթերթի «Իշխանությունը 3 ամիս է աղետի վնաս է գնահատում, բայց արդյունքն այդպես էլ չի երևում. մեկ անձը 40-ից 60 հազար դրամ փոխհատուցում կստանա» վերնագրով հոդվածը որևէ կերպ չի արտացոլում Կառավարության կողմից իրականացրած աշխատանքի իրական պատկերը։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ աղետի հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ համայնքային, մարզային և հանրապետական հանձնաժողովների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասների գույքագրումը և գնահատումը։

Փոխհատուցման ենթակա բոլոր դեպքերի և վնասների մանրակրկիտ ուսումնասիրման և գնահատման արդյունքում է Կառավարության կողմից սահմանվել բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան վերանորոգման համար փոխհատուցման չափերը՝ հեղեղված մասի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար տրամադրելով 40-60․000 դրամի չափով, իսկ կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի համար՝ 800․000–1.200.000 փոխհատուցում։ Բացի այդ, բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է փոխհատուցում՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով:
Ընդհանուր առմամբ հաշվառվել է վնասված, հեղեղված կամ փլուզված 269 միավոր բազմաբնակարան շենքի բնակարաններ, անհատական բնակելի առանձնատներ կամ տնակներ, որոնց փոխհատուցման նպատակով կառավարության կողմից հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ 1 մլրդ դրամի չափով։

Փոխհատուցման ստանալու նպատակով մարզպետարանների աշխատակազմերն արդեն իսկ ստացել են 123 դիմումներ, որոնց համապատասխան ընթացք է տրվել։

Վնասների փոխհատուցման գործընթացից զատ նախատեսվում է նաև միանվագ դրամական աջակցություն տրամադրում՝ զոհված անձանց ընտանիքներին (1 մլն դրամ) և աղետից տուժած ընտանիքի անդամներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով (40-ից 60 հզ դրամ) ։
Պոտենցիալ շահառուների թիվը 250 ընտանիք է՝ 850 անձով և 4 զոհի ընտանիքներ։ Այս ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունն արդեն իսկ ընդունել է դիմումների 80%-ը․ դիմումների ընդունումը կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը։

Փոխհատուցումների և աջակցության վճարումը նախատեսվում է իրականացնել առաջիկա շաբաթվա ընթացքում։

Նախատեսվում է փոխհատուցում կամ օժանդակություն տրամադրել նաև բնակչության այլ կորուստներին՝ կապված կորսված անասունների, գյուղատնտեսական ազդեցության և վնասված ոչ բնակելի շինությունների վնասների հետ։ Փոխհատուցում կտրվի նաև աղետից տուժած իրավաբանական անձանց, որոնց փոխհատուցման կարգը կհաստատվի առաջիկայում։

Աշխատանքներ են տարվում հեղեղների հետևանքով վնասված կամուրջների վերականգնման ուղղությամբ՝ Ախթալայի և Սանահինի հատվածում կտեղադրվեն մետաղական կամուրջներ։

Աշխատանքներ են իրականացվում նաև Խաշթառակի կամրջի վերականգնման ուղղությամբ։

Միաժամանակ տարբեր միջազգային գործընկերների հետ քննարկվում են ժամանակավոր մոդուլային տրանսպորտային և հետիոտնային կամուրջների տեղադրման հարցը՝ Քարկոփ, Այրում և մի շարք այլ բնկավայրերում։

Հիմնական կամուջների կառուցման նպատակով կպատվիրվեն կամուրջների կառուցման նախագծեր։

Աղետի հետևանքների և վնասների գնահատումն իրականացվում է նաև ՄԱԿ–ի փորձագետների խմբի կողմից՝ հետաղետային կարիքների գնահատման շրջանակում, որն իրականացման ընթացքում է»,-ասվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել