Քամալա Հարիսը հրաժարվել է Դոնալդ Թրամփի հետ Fox News-ի հարթակում բանավեճից

ԱՄՆ փոխնախագահ դեմոկրատ Քամալա Հարիսի նախընտրական շտաբը հրաժարվել է ԱՄՆ նախկին առաջնորդ հանրապետական Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 4-ին Fox News հեռուստաալիքի հարթակում բանավեճ անցկացնելու առաջարկից, նշվում է Քամալա Հարիսի շտաբի գրավոր հայտարարության մեջ։

«Դոնալդ Թրամփը վախեցած է և փորձում է խուսափել բանավեճին մասնակցելուց, որին նա արդեն տվել էր իր համաձայնությունը, ու հիմա վազում է ուղիղ դեպի Fox News, որպեսզի հեռուստաալիքը օգնի իրեն: Նա պետք է դադարի խաղեր խաղալ և ներկայանա սեպտեմբերի 10-ի բանավեճին, որին նա արդեն հաստատել է իր մասնակցությունը: Փոխնախագահն այս կամ այն կերպ կլինի այնտեղ, որպեսզի օգտվի համազգային լսարանի առջև փրայմթայմում ելույթ ունենալու հնարավորությունից: Մենք ուրախ կլինենք քննարկել հետագա բանավեճերն այդ բանավեճից հետո, որոնց երկու շտաբներն արդեն համաձայնել են: Դոնալդ Թրամփը «ցանկացած պահի, ցանկացած վայրում» չպետք է որևէ խնդիր ունենա այդ հարցում, քանի դեռ նա շատ չի վախենում ամսի 10-ին բանավեճի ներկայանալուց»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վազղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պայմանավորվել է Fox News-ի հետ՝ սեպտեմբերի 4-ին Քամալա Հարիսի հետ հեռուստաբանավեճ անելու համար։ Ինչպես հայտարարել էր նախկին նախագահը, սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաընկերության հարթակում բանավեճի մասին նախորդ պայմանավորվածությունն այլևս արդիական չէ, քանի որ մրցավազքից դուրս է եկել ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը:

Բացի այդ, հանրապետականը ցանկանում է, որ Հարիսի հետ իր բանավեճին ներկա լինի նաև հանդիսատես։ Բայդենի շտաբը կտրականապես դեմ էր դրան և հասավ նրան, որ հունիսին բարձրագույն պետական պաշտոնի երկու հավակնորդների բանավեճը տեղի ունեցավ միայն հաղորդավարների ներկայությամբ։

Fox News հեռուստաալիքն արդեն հանդես էր եկել սեպտեմբերի 17-ին բանավեճ կազմակերպելու առաջարկով և նույնիսկ համապատասխան հրավերներ էր ուղարկել Թրամփի և Հարիսի շտաբներին: Թրամփն իր հերթին հայտարարել է, որ կցանկանար Հարիսի հետ բանավեճի ոչ թե մեկ, այլ մի քանի փուլ անցկացնել։ Ընդ որում, հանրապետականը կարծում է, որ ABC-ի հարթակում բանավեճ անցկացնելն անհնար է «այդ հեռուստաընկերության կողմնակալության պատճառով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել