Քննարկվել է եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ  ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ու միասնականությունը: 

Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնություններին, մասնավորապես՝ եզդիական համայնքի կրթական և մշակութային խնդիրներին:

Ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի դասագրքերը տպագրվում և սովորողներին տրամադրվում են պետության միջոցներով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկավարժական որակավորում տալու նպատակով ՀՀ բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու, ծրագրերի մշակման, կադրերի՝ դասավանդողների պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև նպատակային ուսուցման կարգով  ուսանողների ներգրավման վերաբերյալ հարցեր:   

Գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով, նախարար Ժաննա  Անդրեասյանն առաջարկել է ձևավորել աշխատանքային խումբ, որը, համագործակցելով ԲԳԿ-ի հետ, կաշխատի կրթական ծրագրի կազմման և մշակման ուղղությամբ: Գործընթացի արդյունավետության առումով, ըստ նախարարի, անհրաժեշտ է աշխատանքներում ներգրավել կամավոր ատեստավորումից բարձր արդյունքներ ցուցաբերած եզդիերենի ուսուցիչներին, որոնք ներկա պահին աշխատում են մի  շարք հանրակրթական դպրոցներում:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը շեշտել է, որ ձևավորվող աշխատանքային խումբը, համագործակցելով եզդիական համայնքի հետ, կմշակի առաջարկներ եզդիերենի ուսուցման ամբիոնի ստեղծման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ ընթացիկ խնդիրներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել