Հայաստանի և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ներկայացնում ենք Դիտորդ մարմնի՝ 2024թ․ հուլիսի 12-ի փորձագիտական կարծիքը՝ ՀՌՀ-ն ընդդեմ Հ2-ի։
Դիտորդ մարմինը հերթական անգամ Հ2 հեռուստաալիքի եթերում ատելության և խտրական խոսք է արձանագրել։ Քննելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացված բողոքը, Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն արձանագրել է, որ «Հայկական երկրորդ» հեռուստաալիքով (Հ2) հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման մայիսի 5-ի և 6-ի թողարկման հյուր Էդգար Ղազարյանը և «Պրոֆ Ֆակտ» հաղորդման մայիսի 11-ի թողարկման հյուր Վազգեն Պետրոսյանը մի քանի դրվագներով ատելության և խտրական խոսք են տարածել։ Մասնավորապես, հյուրերը կոչ են արել ոչ իրավական հաշվեհարդար տեսնել հանրային պաշտոնյաների, իրավապահ համակարգի աշխատակիցների և նրանց հարազատների նկատմամբ, ինչը հակասում է Կանոնագրի 5.2 կետում նկարագրված էթիկական սկզբունքներին։
Ընդ որում, հաղորդումը վարողները չեն փորձել ընդհատել ատելության խոսքի տարածումը կամ մեկնաբանել դա։
Բողոքում նկարագրված դրվագներից մեկում ատելության և խտրական խոսք է տարածվել նաև երեխաների նկատմամբ, ինչը հակասում է Կանոնագրի 4.3 կետում նկարագրված էթիկական սկզբունքներին։
ԴՄ-ն իր փորձագիտական կարծիքում հիշեցրել է, որ Հ2 հեռուստաալիքի դեմ բերված շուրջ մեկ տասնյակ բողոքներում արձանագրվել են նմանատիպ խախտումներ։ «Կարծիքների ազատ արտահայտումը բացարձակ իրավունք չէ և կարող է սահմանափակվել, մասնավորապես՝ այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի, հասարակական անդորրի պաշտպանության նպատակներով, իսկ գնահատող դատողությունները չպետք է հանգեն վիրավորանքի և ատելության խոսքի», – ասվում է Կարծիքի եզրափակիչ մասում։
Նկատենք, որ ԴՄ-ն չի մեջբերել դիմումատուի հիշատակած խնդրահարույց հատվածները՝ խուսափելով ավելորդ անգամ ատելության խոսքը տարածելուց։ Այդուհանդերձ, ուսումնասիրողների համար այդ մեջբերումները հասանելի են»։
Մանրամասները՝ ԴՄ փորձագիտական կարծիքում: