Ինչպե՞ս պարզել` վարչական ո՞ր մարմինը պետք է քննի այս կամ այն հարցը

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն` անշարժ գույքին վերաբերող հարցերի լուծումը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում գտնվում է տվյալ անշարժ գույքը:

Իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը որևէ իրավունք տրամադրելը կամ նրա վրա որևէ պարտականություն դնելը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում իր գործունեությունն իրականացնում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը:

Ֆիզիկական անձին վերաբերող հարցերի լուծումը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում հաշվառված է կամ մշտապես կամ առավելապես բնակվում է տվյալ անձը:

Եթե որևէ հարցի լուծում վերապահված է միաժամանակ երկու և ավելի վարչական մարմինների իրավասությանը, ապա իրավասու է այն վարչական մարմինը, որին անձը դիմել է, կամ որի նախաձեռնությամբ պետք է լուծվի այդ հարցը:

Անմիջականորեն սպառնացող վտանգի կամ վնասի առաջացման դեպքում վարչական մարմինների անհապաղ լուծումը պահանջող հարցերը վերապահվում են այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում առաջացել է այդ իրավիճակներով պայմանավորված գործողություններ կատարելու կամ որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքին հարում է այդ տարածքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Այլ օրենքներով գործերի տարածքային ենթակայության այլ կարգ սահմանված լինելու դեպքում գործում է այդ օրենքներով սահմանված կարգը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել