Հունիսի 27-ին, ժամը 06։57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Գ․ Ա․) և «Nissan» (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Վ. Մ․-ին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս և Գ. Ա․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։