ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները հունիսի 17-ի գիշերը Սեբաստիայի փողոցում տեխնիկական զննության բացակայության հիմքով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Պարզվել է, որ վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ երբ պարեկները փորձել են ճշտել նրա պայուսակի պարունակությունը՝ նա դիմել է փախուստի: Պարեկները հետապնդել և Սեբաստիայի շենքերից մեկի մոտ նրան հայտնաբերել ու պարզել են, որ պայուսակում ատրճանակ կա: Զենք կրելու և պահելու հիմքով վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը: Մայրաքաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ: Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատաձգաբանական փորձաքննության համաձայն՝ հայտնաբերված թմբուկավոր ատրճանակը հանդիսանում է 9 մմ տրամաչափի ձայնաազդանշանային ատրճանակ, որն ինքնաշեն եղանակով ձևափոխվել է ողորկափող հրազենի:
Փորձաքննության շրջանակներում թմբուկավոր ատրճանակի փամփշտախորշերից դուրս բերված երկու փամփուշտները նույնպես ինքնաշեն եղանակով ձևափոխված են, և հանդիսանում են ռազմամթերք:
Քրեական վարույթը շարունակվում է: