7 պարզ կանոն` շոգին դիմակայելու և առողջությունը պահպանելու համար․ Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը 35-36°C է , ինչը նշանակում է` անհրաժեշտ է մեղմել բարձր ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա:

«7 պարզ կանոն` շոգին դիմակայելու և առողջությունը պահպանելու համար.

Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-17:00-ի ընթացքում:

Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ:

Հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ:

Օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:

Խմել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ: Օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած. այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել:

Չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցանկալի է ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը»:

 

 

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել