Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հունիսի 15-ին այցելել են Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների և տեղի տնտեսվարողների հետ։ Այս մասին հայտնում է Լոռու մարզպետի աշխատակազմը:
Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները գույքի փոխհատուցման, բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ:
Մարզպետ Արամ Ղազարյանը նրանց տեղեկացրել աղետի գոտու բնակավայրերին ուղղված պետական աջակցության նախատեսվող ծրագրերի մասին: Մարզպետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջիկայում փոխհատուցման հստակ ծրագրեր կառաջարվեն՝ ուղղված ինչպես բնակիչներին, այնպես էլ՝ տնտեսվարողներին։
Քանի որ արդեն գործարկվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը, մարզպետը, բնակիչներին հորդորել է նաև զգոնություն ցուցաբերել։ Քաղաքացիներն իրենց շնորհակալությունն են հայտնել ամենօրյա հոգածության և աջակցության լայնածավալ աշխատանքների համար: