Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները. Գեղամ Ստեփանյան

Վերջին օրերին բազմաթիվ արցախցիների կողմից բարձրաձայնվում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանատներ (հիմնականում եվրոպական) հրաժարվում են ընթացքավորել մուտքի արտոնագիր (վիզա) տրամադրելու արցախցիների՝ մասնավորապես 070 կոդով անձնագիր կրող անձանց դիմումները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օկուպացված Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ըստ հրապարակված տեղեկության՝ մերժումը դեսպանատների կողմից պարզաբանվում է այն հանգամանքով, որ ՀՀ իշխանությունների կողմից հրապարակված տեղեկության հիման վրա դեսպանատունը ենթադրում է, որ 070 կոդով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ։ Քանի դեռ անձնագրով հստակ ապացուցված չէ քաղաքացիությունը, հնարավոր չէ ընդունել կամ ընթացք տալ դիմումին։

Դեսպանատների այս պարզաբանումը խիստ անհասկանալի և դատապարտելի է, քանի որ, եթե դեսպանատները առաջնորդվում են ՀՀ իշխանությունների հայտարարություններով և նշում, որ ՀՀ իշխանությունների հայտարարություններից ենթադրվում է, որ 070 կոդով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, ապա ինչու են անտեսում այն, որ ՀՀ իշխանությունների նույն հայտարարություններից բխում է, որ 070 կոդով անձնագիրը արցախցիներին տրամադրվել է որպես ճամփորդական փաստաթուղթ։ Ավելին՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եվ դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի որոշմամբ 070 կոդով անձնագիրը ճանաչվել է որպես փախստականի անձը հաստատող փաստաթուղթ և սահմանվել, որ ՀՀ տարածքից դուրս այն վավեր է փախստականի վկայականի հետ միասին գործածելու պարագայում։

Հարկ է նշել, որ Փախստականների կարգավիճակի մասին կոնվենիցայի 28֊րդ հոդվածը ամրագրում է փախստականի ազատ տեղաշարժի իրավունքը՝ մասնավորապես նշելով, որ «պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին տալիս են ճամփորդական փաստաթղթեր՝ իրենց տարածքից դուրս ճամփորդելու նպատակով», որոնք ճանաչվում և ընդունվում են պայմանավորվող պետությունների կողմից։

Փաստացի, եթե անգամ դեսպանատները 070 կոդով ՀՀ անձնագիրը չեն դիտարկում որպես այդպիսին, ապա ՀՀ իշխանությունների կողմից ճամփորդական փաստաթուղթ ճանաչված 070 կոդով անձնագրերը դեսպանատների կողմից պետք է ընդունվեն որպես այդպիսին և որևէ խոչընդոտ չհարուցվի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայով ամրագրված ազատ տեղաշարժի իրավունքի իրացման համար։
Ընդորում, հարկ է նշել, որ ՀՀ֊ում հավատարմագրված մի շարք դեսպանատներ (օրինակ՝ ԱՄՆ) որևէ խնդիր չեն հարուցում այս հարցում և 070 կոդով անձնագրերով մուտքի արտոնագիր ստանալու դիմումները ընթացքավորում են առանց որևէ խոչընդոտի՝ դիտարկելով դրանք որպես ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ։

ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների ուշադրությունն եմ հրավիրում վերոնշյալ խնդրին և ակնկալում այս հարցի վերաբերյալ իրենց մոտեցումների վերանայում, որով կերաշխավորվի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայով սահմանված իրավունքների պատշաճ և ամբողջական հարգում և պաշտպանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել