«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ հերթական նիստին ասաց, որ ուզում է խոսել չակնկալիքների մասին՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, որոշ ակնկալիքներ նշմարվում են։
Հարցրեց, թե Հայ Առաքելական եկեղեցին ՀՀ-ից պահանջում է 5 գյուղ, ներկայացուցիչներից մեկը պնդում է, մեջբերեց խոսքը․ «Էդ հողատարածքները գիտե՞ք՝ քանի գյուղ է եղել, որ եկեղեցվո սեփականությունն է եղել՝ Վաղարշապատ, Օշական, Մուղնի, Մաստարա, Եղվարդ, այս հինգ գյուղերն իրենք ամբողջ տարածքներով այն ժամանակ Եղվարդն ու Վաղարշապատը դեռ գյուղ էին, իրենց ամբողջ հողատարածքները պատկանել է եկեղեցուն, հատուցեք, վերադարձրեք ամեն ինչ, ինչ բռնագրավել եք եկեղեցուց»։
Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին ասաց՝ արաձագանքեք այն հարցին, որ Հայ Առաքելական եկեղեցին ՀՀ-ից պահանջում է 5 գյուղ վերադարձնել։
«Ես հիշեցի, որ Հայ Առաքելական եկեղեցին այլ երկրներում էլ նման հարցեր բարձրացնում է, և մտածեցի՝ ՀՀ-ի և այլ երկրների նկատմամբ վերաբերմունքը գալիս և նույնանում է։ Հայ Առաքելական եկեղեցին Թուրքիայի դեմ այդպիսի հայցապահանջներ ներկայացնում էր, և ամենևին էլ չեմ զարմանա, եթե այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաև ՀՀ-ի նկատմամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև նշեց, ժամանակին ինքն առաջարկել է, որպեսզի Կառավարությունն ու Հայ Առաքելական եկեղեցին մի նախագիծ անեն, որովհետև այսօր հարյուրավոր պատմամշակութային հուշարձաններ ուղղակի փլուզվում են, առաջարկել է համատեղ իրականացնել հուշարձանների վերականգնման, պահպանման աշխատանքներ, բայց այդ թեման հետաքրքիր չի եղել Հայ Առաքելական եկեղեցու համար։
«Ես նույնիսկ լուրջ չեմ համարում դա մեկնաբանել, դա խոսում է մարդկանց մտքերի ընթացքի մասին, բայց դա չի խոսում իրողությունների մասին, ես Ձեզ ավելի ասեմ՝ ընդհակառակը ՀՀ Կառավարությունը վերջերս մի տարօրինակ փաստ հայտնաբերեց, որ 7-րդ դարի եկեղեցին մեր Հայ Առաքելական եկեղեցու ուղղորդմամբ և խնդրանքով համայնքներից մեկը ճանաչել է ապօրինի կառույց և փոխանցել է թեմերից մեկին»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։