Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ:
Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով:
Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են:
Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական մշակումից հետո:
Սնկից թունավորման դեպքերը կանխարգելելու համար խորհուրդ է տրվում.
- սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ
- չհավաքել ճանապարհների եզրերից
- չգնել պատահական վայրերից
- ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են
- արտաքին տեսքով շատ նման լինել իրար։
Թունավոր սնկերը պարունակում են այնպիսի նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):
- չուտել հում սունկ
- երեխաներին չկերակրել սնկով
- խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ
- սնկի հետ չօգտագործել ալկոհոլ
- թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում
- թունավորման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։
Սնկից թունավորումն ունենում է սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում:
Կլինիկական հիմնական ախտանշաններն են` որովայնի կտրուկ ցավ, սրտխառնոց, անընդհատ փսխումներ, առատ քրտնարտադրություն, թքահոսություն, գլխապտույտ, գլխացավ, անհագ ծարավի զգացում, հալյուցինացիաներ` առանց քնկոտության, ցնորք, գիտակցության կորուստ, դեմքի կարմրություն, սրտխփոց, վախի զգացում, ցավ լյարդի շրջանում: