Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց և հարթակում ելույթ ունենալուց հետո Երևանի քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել նախկինում վերջինիս բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը։
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Անաիս Սարդարյանը խոսեց մանրամասների մասին՝ նշելով․ «Քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում ինձ տվել էին տարածք Ամանորից ի վեր, որպեսզի այնտեղ հավաքվեր նվերներ զոհված հերոսների բալիկների համար, բայց հետո շարունակեցինք հավաքել նաև արցախցի հաշմանդամ երեխաների համար, հետո ուղղակի արցախցիների, նաև պայթյունից զոհվածների երեխաների համար։ Կատեգորիկ ոչ մի նշույլ չի եղել, որովհետև չի եղել խոսակցություն, որ մեզ ուզում են հանել կամ կարող ա հանեն։
Այսօր մեր բարերարներից մեկը շատ մեծ քանակությամբ օգնություն էր բերել՝ կոշիկներ, որը պիտի Գեղարքունիքի մարզ տանեինք մի քանի օր հետո։ Այսօր կամավորներիս ասել են՝ ձեր վեշմեշոկը հավաքեք, չգիտեմ, շենքի աշխատակից է եղել, չի ներկայացել»։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ դա կապված լինի Բագրատ Սրբազանին աջակցելու հետ, Անաիս Սարդարյանն ասաց՝ իհարկե, ինչի մասին է խոսքը։
«Ես սպասում էի, բայց ինձ թվում էր՝ գոնե մի նորմալ սուտ կհորինվեր էլի, բայց ասել են՝ գիտեք՝ մենք վերանորոգում պիտի անենք, դուրս եկեք էստեղից՝ իմանալով, որ մենք նախապատրասվում ենք Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի 1000 երեխայի համար նվերներ, այդ նվերների մեջ իրենք ինչ-որ նշույլ չունեին։ Ինձ սրանով չեք կարողանա վախեցնել»,-ասաց դերասանուհին։