Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  հրամանով հաստատվել են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2024 թվականի հունիսի 3-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Հիմնական  կրթության  վկայական  ստանալու  համար  դրսեկները 2024 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում  «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն»  առարկաների քննությունները  կհանձնեն  գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն»,   «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն»,  «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայոց պատմություն», «Գրականություն», «Ռուսաց լեզու» առարկաների  քննությունները՝ բանավոր: 

Միջնակարգ  կրթության  ատեստատ ստանալու համար դրսեկները  2024 թվականի  2-րդ քննաշրջանի ընթացքում «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «Համաշխարհային պատմություն», Օտար լեզու  (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ),  առարկաների քննությունները  կհանձնեն գրավոր, իսկ  «Հայոց եկեղեցու պատմություն»,  «Հասարակագիտություն»,  «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն»,  «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր:

«Ֆիզկուլտուրա» առարկայի քննության անցկացման եղանակը ստուգարքն է (նորմատիվների հանձնում): 

Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ)` յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ՝ գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ գնահատման 10 բալային համակարգով:

2024 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն համաձայն սահմանված ժամանակացույցի:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի:

Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝

    8-9   միավոր– 4                16-17 միավոր–8

    10-11 միավոր– 5                18-19 միավոր-9

    12-13 միավոր– 6                20 միավոր-10

    14-15 միավոր – 7 

Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու և անցկացնելու գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել