Կանխվել է թմրանյութ իրացնելու փորձը․ ՔԿԾ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում տեղեկություններ են փոխանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ․ Ս․-ն բժշկական հետազոտություն անցնելու պատրվակով տեղափոխվելու է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, և այնտեղ նրան փոխանցվելու է թմրանյութ։

Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Քրեակատարողական ծառայողները ոստիկանության Վաղարշապատի ՔՀԲ աշխատակիցների հետ համատեղ, ըստ սահմանված կարգի, խուզարկել են բժշկական կենտրոնի սոնոգրաֆիայի սենյակը, որի արդյունքում հատակից հայտնաբերել են կաուչուկից պատրաստված, կասկածելի սուր հոտով փաթեթ։ Թմրանյութ իրացնելու անմիջական կասկածով ձերբակալել են քաղաքացի Հ․ Հ․-ին, որը մինչ խուզարկությունը գտնվելուց է եղել սոնոգրաֆիայի սենյակում։

Դեպքի առթիվ նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել