Բագրատ Սրբազանն այսօր տեսաուղերձով սփյուռքահայերին կոչ է արել միանալ պայքարին աջակցող հանրահավաքներին, որոնք տեղի կունենան մայիսի 12-ից 14-ը տարբեր երկրներում։
«Մեկդ մյուսի քաջալերանքով, վստահաբար նաև ձեր ձայնի, ձեր ինքնարտահայտության կերպով մեծ ուժ և եռանդ եք հաղորդելու հայաստանաբնակ ձեր հայրենակիցներին, քույրերին և եղբայրներին և այս ամբողջ շարժմանը։ Մենք միասին կհասնենք այս գործընթացի հաղթական ավարտին, սա մեզ համար ստի և ճշմարտության պայքար է, և ես առավել քան համոզված եմ, որ ճշմարտությունը պիտի հաղթի, և ճշմարտության հաղթանակով մենք բոլորս կազատագրվենք, լինի դա այստեղ՝ Հայաստանում, թե Սփյուռքի մեր գաղթօջախներում։ Դուք էլ մոլորված, խոցված վիճակում եք գտնվում, և որքան ապաքինվի հայրենիքը, այնքան ավելի ապաքինում կստանաք և դուք։ Սպասում ենք ազատագրված և հաղթանակած Հայաստանում»,-ասաց նա սփյուռքահայերին։