«Արդյո՞ք կա Հայ Առաքելական եկեղեցի-իշխանություն հակամարտություն, եթե այո, արդյո՞ք Դուք չեք մտահոգվում դրանից»,- այսպիսի հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողներից մեկը այսօր՝ մայիսի 7-ի, հրավիրված ասուլիսի ընթացքում։
Հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ սահմանազատումը դադարեցնելու կոչեր անողները ուզում են ՀՀ-ն դարձնել լեգիտիմ թիրախ. «Լեգիտիմ թիրախ նշանակում է, որ կարելի է խփել ու դա համարել օրինական։
Մենք սա թույլ չենք տալու և լեգիտիմության հենքի վրա ստեղծում ենք և արդեն իսկ ստեղծել ենք անվտանգության երաշխիքներ։ Ինչ վերաբերում է եկեղեցի-Կառավարություն հակամարտությանը, մենք եկեղեցու հետ չենք հակամարտում, եկեղեցին մեզ հետ հակամարտում է, թե՝ ոչ, ինքը պետք է պատասխանի այդ հարցին։
Դա էլ ասեմ, եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, այդ քաղաքական հայտի ներկայացումը նշանակում է, որ նրանք խոստովանում են հոգևոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը։ Կարելի է ուշադիր հետևել. այսօր կան ՀՀ-ում հոգևորականներ, ովքեր հոգևոր առաջնորդություն են իրականացնում։ Դա մարդկանց, օգնելն ու աջակցելն է Աստծո հետ հարաբերություններում, որ մարդը իր ներաշխարհի հետ ներդաշնակություն գտնի»։
Փաշինյանը հավելեց, որ քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, ովքեր, մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են. «Ես ասում եմ, որ Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը։ Ես, երևի վերջին մարդն եմ Հայաստանի Հանրապետության, որ սա ասում եմ։ Բիզնես պրոյեկտներում խնդիր չկա, «կոֆե-շակալադ» ոչ մի պրոբլեմ, Աստված-Աստվածաշունչ, Կտակարան- Ավետարան. խիստ կասկածում եմ, որ իրենց հետ կապ ունի։ Բա մարդիկ ի՞նչ անեն, պետք է քաղաքական հայտ ներկայացնեն, որովհետև ձանձրալի է իրենց համար այդ գործունեությունը, չեն տիրապետում այդ գործունեությանը»։