Փաստաբանները և նոտարներն ավելի շատ հարկ կվճարեն

Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով մի շարք գործունեության տեսակների վերաբերյալ փոփոխություններ է նախատեսում։

Առաջարկվում է սահմանել նաև, որ 2025թ. հունվարի 1-ից՝ փաստաբանական և նոտարական գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում (պետք է տեղափոխվեն ԱԱՀ-ի համակարգ)։

Նոտարական, փաստաբանական և վիճա­կա­խա­ղերի գոր­ծու­նեու­թյամբ զբաղվողները 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն կվճարեն 10 տոկոս, իսկ իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հարկադրված կլինեն գործել հարկման ընդհանուր համակարգում և վճարել 20 տոկոս ավելացված արժեքի հարկ։

Հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում նոտարները, փաստաբանները և խաղատները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

Համայնքների ներկայացուցիչները դժգոհում են ներկայացված նախագծից։

Նշենք, որ առաջարկվող փոփոխություններին պետք է հավանություն տա նաև օրենսդիրը։

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը,  ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի: Մասնավորապես՝ տնտեսական գործունեության առանձին ոլորտներում համեմատվել են հարկման ընդհանուր համակարգի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերը: Արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է: Օրինակ՝ մշակող արդյունաբերությունում ԱԱՀ-ի և շահութահարկի հանրագումարային հարկային բեռը գերազանցում է շրջանառության հարկի բեռը 2 անգամ, շինարարությունում՝ 2.6 անգամ, առևտրի ոլորտում՝ 2.6 անգամ, կացության և հանրային սննդի ոլորտում՝ 3 անգամ և այլն:

«Բացի դրանից՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի գործունեության անցած տարիների փորձը և ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ հարկման այս համակարգերում թույլատրված են գործունեության այնպիսի տեսակներ, որոնք իրենց բնույթով նման են այս համակարգերում արգելք ունեցող գործունեության տեսակներին կամ իրենց առանձնահատկություններից ելնելով՝ ուղեկցվում են այլ գործունեության տեսակներով, որոնք չեն կարող հարկվել հարկման այս համակարգերով: Օրինակ՝ Երևան քաղաքում առևտրական գործունեությունը չի կարող հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում, իսկ ավտոտեխսպասարկման գործունեությունում, որտեղ շատ հաճախ տեղի է ունենում նաև ապրանքների, պահեստամասների վաճառք, կարող է հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգերում:

Հաշվի առնելով նշվածը՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը և կրճատել հարկման համակարգերի միջև հարկային բեռի տարբերությունը. մասնավորապես՝ գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել շրջանառության հարկի ներկայումս գործող դրույքաչափերը՝ հիմնականում կրկնակի չափով: Փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն նախատեսել նաև արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտների համար, որը հիմա նախատեսված չէ:

Հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են. օրինակ՝ առևտրական գործունեության ժամանակ 1.5 տոկոսի փոխարեն սահմանելով 1 տոկոս, արտադրության դեպքում 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 3 տոկոս, հանրային սննդի դեպքում՝ 4 տոկոսի փոխարեն 3.5 տոկոս, այլ գործունեության տեսակների դեպքում 5 տոկոսի փոխարեն՝ 4.5 տոկոս: Բացի դրանից՝ նախատեսվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը: Մասնավորապես՝ սահմանել, որ նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում: Երկրորդ՝  սահմանել, որ հետևյալ գործունեության տեսակները չեն կարող իրականացվել միկրոձեռնարկատիրության համակարգում և պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգ»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ժամանակն է շատ հստակ արձանագրել և բարձրաձայնել մեր եզրակացությունը, որ շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է ընդհանրապես տնտեսությունը և սխալ մոտիվացիաներ է ստեղծում, որովհետև մեր տնտեսական քաղաքականությունը և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց աճը: Եվ մեզ թվացել է, որ արտոնյալ պայմաններ ստեղծելով՝ մենք պետք է մարդկանց համար տրամպլին ստեղծեինք, որպեսզի նրանք աճեն, և տնտեսությունն աճի, բիզնեսն աճի, և նրանք փուլերով անցնեն ԱԱՀ-ով հարկվելու դաշտ: Տրամպլինի տրամաբանությամբ եթե նայում ենք, մեր սիրելի տնտեսվարողներ՝ տրամպլինով հենց թռնելու պահը գալիս է, արգելակները միացնում են: Ի՞նչ ենք տեսնում. մենք շեմերը ոնց փոխում ենք՝ ասենք 120 մլն է տարեկան շրջանառությունը, գալիս են, ասենք, 118.5, 117 և այլն: Այսինքն՝ մենք ստեղծել ենք համակարգ, որն աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ չաճելու և ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս»: 

Վարչապետը հավելել է.  «Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք փուլ-փուլ պետք է շրջանառության հարկի համակարգից ընդհանրապես հրաժարվենք: Սա կարևոր արձանագրում է, որպեսզի մենք ճիշտ մոտիվացիաներ դնենք բիզնեսի համար»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է փոխել և՛ կառավարության, և՛  մարդկանց վերաբերմունքը հարկերի, հարկային համակարգի նկատմամբ. «Փոխել  այն տրամաբանությամբ, որ մենք պետք է, այո, փորձենք լինել հավաքագրման մեջ մաքսիմալ արդյունավետ, մաքսիմալ արդար և ծախսման մեջ՝ մաքսիմալ արդյունավետ և մաքսիմալ արդար՝ հասկանալով, որ դա իրադարձություն չէ, դա ճանապարհ է, որը պետք  է անցել»:   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել