«Ես կարծում եմ՝ որևէ մեկը չի զարմանա որ ես ևս մեկ անգամ ասեմ, որ Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է»,-այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։
«Լրագրողների հետ շփումների ընթացքում նա զրպարտել էր ինձ, որ ես ինչ-որ կենցաղային հարցերով իրեն նամակներ եմ ուղղել, բայց իմ աշխատակազմի ղեկավարը միանգամից հերքեց, և պահանջեց, որ այդ նամակները հրապարակեն, պարզ է՝ ոչինչ տեղի չունեցավ որովհետև նման բան չէր եղել»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նա նշել է նաև, որ արհավիրքը իր իշխանության գալն էր․
«Արհավիրքն իր իշխանության գալն էր, գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած իրադարձությունները ողբերգությունները՝ Արցախի հայաթափում կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ վիճակ դրանք ընդամենը այդ արհավիրքի հետևանքներն էին»,- ասաց նա։