«ՀՀ-ում վերջին 3 տասնամյակի ընթացքում գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրական դաշտը արմատական բարեփոխումների չի ենթարկվել»․ նոր նախագիծ է ներկայացվել

Պետական գույքի կառավարման կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքի նախագիծը։

Նշված է, որ ներկայումս գործող «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքով կանոնակարգված չեն պետական գույքի ամբողջական հաշվառման, գնահատման, անշարժ գույքի մշտադիտարկման, պետական գույքի գրավադրման և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության, պետական գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման, պետական կառավարման մարմիններին պետական գույքի ամրացման և հետ վերցնելու, պետության կարիքների բավարարման համար ոչ պետական գույքի վարձակալությամբ ձեռք բերման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում պետական սեփականություն ճանաչված գույքի կառավարման, ինչպես նաև պետական անշարժ գույքի պահպանման և բարելավման գործընթացները, որոնց հստակ և միանշանակ կանոնակարգումը էապես կբարձրացնի պետական գույքի կառավարման որակը։

Փաթեթի ներկայացումը նպատակ ունի միանշանակ և հստակ կանոնակարգել պետական գույքային բոլոր հարաբերությունները, բացառել օրենսդրական ակտերում օգտագործվող հասկացությունների և գործընթացների տարամեկնաբանությունները, առկա հակասությունները և խառնաշփոթը։

Առաջարկվող նախագծում  նշված է, որ նոր օրենքի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ-ում վերջին երեք տասնամյակի ընթացքում գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրական դաշտը արմատական բարեփոխումների  չի ենթարկվել։ Նշված է նաև, որ պետական գույքի մասնավորեցման, ինչ-որ չափով նաև օտարման գործընթացները Հայաստանում մոտենում են իրենց տրամաբանական ավարտին, առաջին պլան են մղվում պետական գույքի առավել արդյունավետ կառավարման և օգտագործման խնդիրները։

«Այսօր տվյալ դաշտը կանոնակարգված է իրար հաճախ անհարկի կրկնվող, բազմաքանակ իրավական ակտերով, որոնք ստեղծում են խառնաշփոթ և նպաստում են վարչական քաշքշուկների առաջացմանը, որոշումների ընդունման և իրականացման ժամկետների երկարաձգմանը»,-ասվում է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել