Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
«Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։
Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։
Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։
Հիշեցնենք՝ Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում՝ Пикник խմբի համերգից առաջ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ։
Ավելի ուշ ՌԴ ԱԴԾ-ն հայտնեց 40 զոհի և ավելի քան 100 վիրավորների մասին:
Սպասվում է, որ զոհերի թիվը կաճի։