Հ. Բ․-ն մեղադրվում է խարդախությամբ ավելի քան 1մլն․ ՀՀ դրամ հափշտակելու համար։
Գործը դատարան է ստացվել փետրվարի 12-ին։ Այն մակագրվել է դատավոր Հարություն Պետրոսյանին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նա Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասում հանդիպելով Լ․ Ն․-ին, իրականությունը խեղաթյուրելով, ներկայացել է որպես կանադահայ՝ Հովսեփ անվամբ, որից հետո պատմել է իր հարազատներին կորցնելու մասին, այնուհետև հայտնել է, որ ցանկանում է Երևանում բնակարան գնել:
Տուժողը՝ խղճահարությամբ դրդված , ցանկացել է օգնել մեղադրյալին բնակարան գտնել և հրավիրել է իր բնակարան: Հ․ Բ․-ն ասել է, թե իբր Վրաստանի Հանրապետությունում ունեցած բիզնեսի հետ կապված պետք է երկու օրով մեկնի Թբիլիսի, այնուհետև իր նկատմամբ ձևավորված վստահությունը Լ․ Ն․-ի մոտ էլ ավելի ամրապնդելու համար, նրան խնդրել է ի պահ վերցնել իր մոտ եղած կանխիկ գումարը՝ նրան տալով վճարային միջոց չհանդիսացող 97 հատ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամին նմանվող կապոցը, ապա նաև մատից հանել և Լենա Ներսիսյանին է նվիրել իբր ոսկյա մատանին, որից հետո հասկանալով, որ Լ․ Ն․-ն մոլորության մեջ է, նրանից խնդրել է իրեն տալ պարանոցից կախված ոսկյա շղթան: Վերջինս, հավատալով մեղադրյալին, նրան է հանձնել 7.5 գրամ քաշով 585 հարգի ոսկուց պատրաստված 150.000 ՀՀ դրամ արժողության շղթան, որն էլ վերցնելով Հ․ Բ․-ն վերցնելով հեռացել է։
Բացի այդ, մեղադրյալը Արտաշատ համայնքի լճի հարակից կանգառում մոտեցել է Հ․ Թ․-ին և հարցուփորձ արել նրա որպիսության մասին: Այդ կերպ զրույցի բռնվելուց հետո, մեղադրյալը տուժողին առաջարկել է զրուցելով միասին գնալ Արտաշատ համայնքի եկեղեցի, որին վերջինս տվել է դրական պատասխան: Ճանապարհին Հ․ Բ․-ն ներկայացել է որպես կանադահայ բարերար, իբրև թե օգնում է կարիքավոր անձանց, այդ թվում՝ ցանկանում է օգնել Հ․ Թ․-ին:
Մեղադրյալը ցուցադրել է ձեռքին եղած վճարային միջոց չհանդիսացող ԱՄՆ դոլարները, որոնք ժապավենով փաթեթավորելուց հետո ցույց է տվել, թե իբր դրանք դրել է Հ․ Թ․-ի պայուսակի մեջ, որից հետո նրան հայտնել է, որ այդ 2.000 ԱՄՆ դոլարը նրան է տալիս՝ միաժամանակ խոստանալով ևս 2.000 ԱՄՆ դոլար տալ միասին Խոր Վիրապ գնալուց: Այնուհետև Հ․ Բ․-ն տուժող անձին առաջարկել է իրեն հանձնել ձեռքի մատանին որպես հուշ։ Հ․ Թ․-ն, գտնվելով մոլորության մեջ, ինքնակամ հանձնել է իր շուրջ 8.4 գրամ քաշով 250.000 դրամ արժողության ամուսնական ոսկյա մատանին, որը վերցնելուց հետո մեղադրյալը հեռացել է՝ խարդախությամբ հափշտակելով այն։
Բացի այդ, Հ․ Բ․-ն , տեղյակ լինելով, որ Բ․ Մ․-ն Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվել է և ունի փախստականի կարգավիճակ, մոտեցել է վերջինիս, ներկայացել որպես կանադահայ բարերար՝ Հովսեփ անվամբ, որ ցանկանում է բնակարանով ապահովել Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված անձանց և առաջարկել է բնակարան գնել Բ․ Մ․-ի համար։
Հ․ Բ․-ն վճարային միջոց չհանդիսացող 112 հատ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամին նմանվող կապոցը գրպանից հանել է, դրանք տեղավորել ծրարի մեջ, ապա կպչուն ժապավենով փակել և տրամադրել է տուժող անձին՝ որպես վարձակալած բնակարանի ծախսերը հոգալու միջոց, մինչ ինքը Բ․ Մ․-ին կապահովի բնակարանով:
Վերջինիս մոլորության մեջ գցելով՝ խնդրել է իրեն նվիրել տուժողի ոսկյա շղթան՝ որպես հուշ։ Այս կերպ նա խաբեությամբ հափշտակել է վերջինիս պատկանող ոսկյա շղթան՝ իր խաչով՝ պատճառելով խոշոր չափերի՝ 681.700 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: