Առաջին անգամ հանցանք կատարողների նկատմամբ կկիրառվի «համաձայնությամբ տուգանք»

Ներդրվել է նոր՝ «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը». այն կկիրառվի առաջին անգամ հանցանք կատարողների նկատմամբ։

«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Օրենքի ուժի մեջ մտնելով ներդրվել է նոր՝ «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը», կարգավորում է տրվել վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը Առողջապահության նախարարի կողմից սահմանելու համար: Այսպիսով.

1. 2024 թվականի փետրվարի 6-ից՝ նախաքննության ընթացքում մեղադրյալի համաձայնությամբ՝ դատարանի կողմից գրավոր ընթացակարգով կայացված մեղադրական դատավճռով, մեղադրյալի նկատմամբ նշանակվում է Քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը՝ առանց լրացուցիչ պատիժ և անվտանգության միջոց նշանակելու:

2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը կիրառվում է հանրային մեղադրանքի կարգով քննվող այն անձանց վերաբերյալ քրեական գործերով, որոնք հանցանք կատարել են առաջին անգամ:

3. Վարույթի կիրառման համար հանցանքը պետք է լինի ոչ մեծ ծանրության, և դրանով չպետք է վնաս պատճառված լինի մասնավոր անձի շահերին:

4. Վարույթի այս տեսակը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ոչ մեծ ծանրության հանցանքների վերաբերյալ քրեական գործերից:

5. Վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևի և տրամադրման կարգի սահմանմամբ կլուծվեն գործերի քննության անհարկի ձգձգումների և վարույթի մասնավոր մասնակիցների կողմից դրսևորվող չարաշահումների խնդիրները:

Օրենսդրական բարեփոխումներն արվել են քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացված մոնիթորինգի շրջանակներում, որի ընթացքում վեր էին հանվել գործնականում առավել հաճախ ծագող հիմնական խնդիրները»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել