Վեճ ու հրազենային վիրավորում Արամուս գյուղում Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ

Հունվարի 11-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե:

Հանգամանքները պարզվում են:

Iravaban.net-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Նախաձեռնված է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։ Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին և 3-րդ կետի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով),  335-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով (Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)»,-ասաց նա։

Հավելենք, որ խոսքը ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի մասին է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել