Հայոց բանակ են մեկնում Արագածոտնի մարզի զորակոչիկները․ նրանց ճանապարհեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

Սուրբ և պատվական խաչի հովանու և միասնական աղոթքների զորության ու ծնողական օրհնության ներքո, բարոյահոգեբանական բարձր ոգով Ապարան համայնքից այսօր բանակ մեկնեց Արագածոտնի մարզի 2024 թ․ զորակոչիկների առաջին խումբը։

Այս մասին հայտնում են ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։

Նրանց հանդիսավորությամբ բարի ծառայություն մաղթեցին ու ճանապարհեցին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Իր ելույթում մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց, որ այսօր տղաները մեկնելով ծառայության, իրենց կյանքի ամենակարևոր գործն են անում։

«Սիրելի՛ եղբայրներ, մենք հանգիստ քնելու ենք՝ վստահ լինելով, որ դուք ամուր կանգնած եք մեր սահմանին։ Մենք էլ մեր գործով անելու ենք ամեն ինչ, որ դուք և ձեր ընտանիքները վաղը ապրեք ավելի բարեկեցիկ ու շեն երկրում։
Մաղթում եմ, որ Աստծո զորությամբ ծառայեք խաղաղ երկնքի տակ, տուն վերադառնաք ու շենացնեք ձեր համայնքը, պետությունը։Պինդ և ուժե՛ղ եղեք, բարի՛ ծառայություն»,-ասաց մարզպետը և տղաներին ճանապարհեց ջերմ ձեռքսեղմումով։

Զորակոչիկների ավտոբուսը մեկնեց թնդացող ծափահարությունների ուղեկցությամբ։

Բարի երթ ձեզ, մեր քա՛ջ տղաներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել