Ռուսաստանի Գերագույն դատարանը «ԼԳԲՏ շարժումը» ճանաչել է «ծայրահեղական» և արգելել այն

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը բավարարել է Արդարադատության նախարարության հայցը՝ «ԼԳԲՏ միջազգային շարժումը» որպես «ծայրահեղական կազմակերպություն» ճանաչելու և արգելելու վերաբերյալ, փոխանցում է Meduza-ն։

Նիստն անցկացվել է այսօր՝ դռնփակության ռեժիմում։ Նիստերի դահլիճ թույլ են տվել մտնել միայն Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին։ Լրագրողներին կանչել են միայն որոշման մասին հայտնելու ժամանակ։

Գերագույն դատարանի դատավոր Օլեգ Նեֆեդովից չորս ժամ պահանջվեց Արդարադատության նախարարության հայցը քննելու համար։

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը նոյեմբերի 17-ին հայց էր ներկայացրել՝ արգելելու «ԼԳԲՏ միջազգային սոցիալական շարժումը» Ռուսաստանում։ Գերատեսչությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչն է համարում «շարժում», ով է դրանում կամ ինչպես է այն կազմակերպվում։

«ԼԳԲՏ շարժման» արգելքը, ըստ Meduza-ի հետ զրուցած ակտիվիստների, կհանգեցնի համայնքի դեմ ատելության և ահաբեկման աճի և, հավանաբար, կհանգեցնի ԼԳԲՏ մարդկանց հետապնդումների՝ պարզապես նրանց գոյության փաստի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել