Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները, սերմերը այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ խաղաղությանը նպաստելու և լուրջ հաջողությունների հասնելու համար Հայաստանը պետք է աշխատի տարածաշրջանի ներսում և շարունակի բանակցությունները Ադրբեջանի հետ։
«Ադրբեջանը լավ մտադրություններ ունի։ Նախկին ստատուս քվոն, որը Հայաստանը ստեղծեց՝ գրավելով ադրբեջանական հողերը, պաշտպանում էին նաև Հայաստանին աջակցող Մինսկի խմբի անդամները, դա անարդար էր և անընդունելի»,- ընդգծել է Հաջիևը։
Նա հայտարարել է նաև, որ հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ուտոպիա է։
«Սա իր կարծիքն է, այն իր բնույթով ուտոպիստական է: Վերջին երեք տարիներին քննարկում էինք, բայց արդյունք չեղավ։ Ուստի Հայաստանը պետք է քննարկի ու մտածի, թե որքանով է սա արդյունավետ։ Ադրբեջանն ուներ նաև «Բ» պլան։ Այս ծրագիրը նախատեսված է Իրանի տարածքով տրանսպորտային կապեր հաստատել։ Իրանի և Ադրբեջանի միջև արդեն ստորագրվել են միջկառավարական փաստաթղթեր… Մեր տարածաշրջանի շուրջ օղակաձև երկաթուղային գիծ է ստեղծվել։ Սակայն Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում ոչ մի քայլ չի ձեռնարկել այս գիծը կառուցելու համար։ Մենք չենք կարող սպասել»,- ասել է նախագահի օգնականը։