Արմեն Աշոտյանի անունից դիմում եմ ներկայացրել ՄԻԵԴ. փաստաբան

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Արմեն Աշոտյանի անունից ներկայացրել եմ դիմում կալանավորման ապօրինության վերաբերյալ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Միաժամանակ ՄԻԵԴ-ին խնդրել եմ բացառության կարգով կիրառել միջանկյալ միջոց և պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ա.Աշոտյանին:

Դիմումի հիմքում դրված է հիմնավոր կասկածի ակնհայտ բացակայությունը, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կալանքի միջնորդություն քննելու իրավունք չունենալը, ինչպես նաև Ա.Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելը, ինչն ի թիվս այլոց, հաստատվել է եվրոպական երկու խոշորագույն կուսակցական միավորումների պաշտոնական հայտարարություններով: Միջանկյալ միջոց ՄԻԵԴ-ը, որպես կանոն, կիրառում է արտահանձման գործերով, երբ անձին սպառնում է մահապատիժ կամ խոշտանգում հանձնվող երկրում:

Սակայն դա դատարանի ընդհանուր պրակտիկան է, այդ իրավունքը չի սահմանափակվում ըստ գործի տեսակի, դրանից առկա են բացառություններ: Չգիտեմ, որքանով է տեղին այս օրինակը, բայց Ալեքսեյ Նավալնիի դեպքում ՄԻԵԴ-ը բացառություն արեց ընդհանուր պրակտիկայից և Ռուսաստանից պահանջեց այդ անձին անհապաղ ազատ արձակել: Ա.Աշոտյանի դեպքում ևս առկա է հիմք բացառություն անելու համար: Արմենը քաղաքական բանտարկյալ է, քրեական գործը և մեղադրանքը զավեշտալի են, էությամբ կատարյալ խայտառակույթյուն են և ծաղր իրավաբանության հանդեպ:

Միջանկյալ միջոցի հարցում մեծ հույսեր չեմ կապում ՄԻԵԴ-ի հետ, որը, ցավոք, զուրկ չէ կրկնակի կամ եռակի ստանդարտների մոտեցումներից, սակայն գտնում եմ, որ նման քայլերի դիմելը պարտադիր է, առնվազն հետագա շահարկումներից խուսափելու համար»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել