Վիճաբանություն ոստիկանի հետ

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել քաղաքացի Արամ Եղիազարյանի կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու հետ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Հրազդան քաղաքի բնակիչ Արամ Եղիազարյանը 2013թ. սեպտեմբերի 1-ին` ժամը 23 անց 30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի «Նացիոնալ» սրճարանի մուտքի մոտ, վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել սրճարանի աշխատակից Վ. Դ.-ին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն օրը` դրանից մեկ-երկու ժամ անց` Ա. Ե.-ն իր անձնական օգտագործման ավտոմեքենայով նույն սրճարանի հարակից փողոցով անցնելու ժամանակ նկատելով, որ այդտեղ հավաքված անձանցից մեկն իրեն ձեռքով կանգնելու ազդանշան է տալիս` կանգնել է ու իջել ավտոմեքենայից:
Իջնելուց հետո Արամ Եղիազարյանին է մոտեցել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակից Ս. Ս.-ն և սկսել է վիճաբանել նրա հետ` Վ. Դ.-ին ծեծի ենթարկելու հարցի առիթով:

Արամ Եղիազարյանը և Ս. Ս.-ն դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով` շուրջ 5-10 րոպե հայհոյանքներ են տվել, քաշքշել ու հարվածել միմյանց, որի ընթացքում Արամ Եղիազարյանն իր ավտոմեքենայում գտնվող դանակով դիտավորությամբ հարվածել է նաև իրենց մոտեցած Ս. Ս.-ի ազգականներին` Հրանտ և Վարդան Սեդոյաններին` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ:

Արամ Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին, և մեղադրանք առաջադրվել ՀՀ ՔՕ 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով և 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել