Քաղաքացիներն այս տարի azdararir.am հարթակի միջոցով արդեն 74 ազդարարում են իրականացրել

Ազդարարումը անձի՝ ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման, վարքագծի կանոնների, կամ այլ սահմանափակումների, հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդումն է իրավասու անձին կամ մարմին։

Ազդարարել կարելի է ՀՀ գլխավոր դատախազության կողմից գործարկվող azdararir.am հարթակի միջոցով՝ ինչպես բացահայտ, այնպես էլ՝ անանուն։ 

Հարթակում առկա վիճակագրության համաձայն, այս տարի՝ 2023 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում, Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով 74 ազդարարում է իրականացվել։ Այս ազդարարումների մի մասը ստուգվել է օպերատիվ-հետախուզական գործողություններով և դրանց հիման վրա քրեական վարույթներ են հարուցվել։

Հավելենք, որ ազդարարները անանուն կամ բացահայտ ազդարարելուց հետո կարող են հետևել դրա ընթացքին։

Մասնավորապես, ազդարարելուց հետո հարկավոր է պահպանել մուտքի վավերապայմանները և պարբերաբար մուտք գործել համակարգ: Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

  1. Կայքի Գլխավոր էջում գործարկեք Մուտք կոճակը,
  2. Համապատասխան դաշտերում լրացրեք օգտվողի անունը և գաղտնաբառը ու գործարկեք Մուտք կոճակը,
  3. Ձեր ազդարարումների ցուցակից ընտրեք Ձեզ հետաքրքրող ազդարարումը և գործարկեք Բացել կոճակը։

Նշված գործողություննեը կատարելուց հետո Ձեր առջև կբացվի ազդարարման նեկայացման էջը, որի աջ մասում ներկայացվում են ազդարարման ներկա կարգավիճակը և ազդարարման վարույթի ընթացքը: Էջի ձախ հատվածում գտնվում է հետադարձ կապի միջերեսը, որի միջոցով ազդարարման քննարկման ընթացքում վարույթ իրականացնող մարմինը, հաղորդագրությունների միջոցով, կարող է կապ հաստատել Ձեր հետ՝ հաղորդմանն առնչվող անհրաժեշտ տեղեկությունների և փաստերի հավաքման նպատակով: Ազդարարումների ցուցակին վերադարնալու համար անհրաժեշտ է մկնիկով սեղմել կայքի վերնագրին:

Չենք մոռանում, որ ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։


Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել Քաղաքացիական հասարակության կողմից գործարկվող այլընտրանքային ազդարարման հարթակ, ինչպես նաև արդեն հիմնվել է ազդարարման բազմաշահառու աշխատանքային հարթակը, որը կծառայի, որպես բարեփոխումների և երկխոսության խթանման հարթակ՝ քաղհասարակության կազմակերպությունների և պատկան մարմինների համար:

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝  ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել