Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն` խմբ․) դեմ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից (օկուպացված Արցախի Հանրապետություն` խմբ․) Հայաստան գաղթելիս 14 անձ խոշտանգումների է ենթարկվել, 64-ը՝ մահացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Քննչական կոմիտեի YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակված տեսանյութում հայտնել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
«Ունենք 200-ից ավելի զոհված զինծառայող և քաղաքացիական անձ: Շուրջ 12 քաղաքացիական անձի և շուրջ 30 զինծառայողի գտնվելու վայրը մինչև հիմա հայտնի չէ»,-նշել է Վարդանյանը:
Նրա խոսքով՝ 14 խոշտանգված անձանցից 12-ը զինծառայող է, երկուսը՝ քաղաքացիական անձ:
Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է քաղաքացիական ինը անձ, նրանցից երեքը՝ երեխա: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:
Անդրադառնալով առևանգումներին և գերեվարումներին՝ Վարդանյանն ասել է՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ կա ֆիքսված 16 անձ: Նրանցից տասը քաղաքացիական անձիք են: Գերեվարված 16 անձանցից ութը Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով կալանավորված Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն` խմբ․) նախկին և ներկա քաղաքական ղեկավարության անդամներն են: 44-օրյա պատերազմից հետո մինչև սեպտեմբերի 19-ը հաստատված և Ադրբեջանում ապօրինի պահվող ևս 37 անձ կա:
Պաշտոնատար անձանց, զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու պահանջ է ներկայացվել:
«Այս պահի դրությամբ ինը անձի մասով մենք ունենք Ադրբեջանի կողմից հաստատում, որ տվյալ անձիք գերության մեջ են: Մյուսների հետ կապված գործընթացը դեռ ընթացքի մեջ է»,-նշել է Վարդանյանը:
Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը համագործակցում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայատանյան գրասենյակի հետ: Այժմ վարույթի շրջանակում իրականացվում են մեծածավալ քննչական և վարույթային գործողություններ, հարցաքննություններ, մարմինների զննություններ: Նշանակվել են մի շարք՝ այդ թվում դատագենետիկական, դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել:
«Զոհված անձանց հարազատները ճանաչվել են որպես տուժող: Նույնականացան գործընթացը դեռ չի ավարտվել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից նաև ֆիքսված են բոլոր այն անձինք, ովքեր բռնի տեղահանման են ենթարկվել»,-շեշտել է Ռաֆայել Վարդանյանը:
Բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար հայ ճանաչվելու է տուժող: Վարդանյանը հորդորում է այն անձանց, ովքեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ունեն, դիմեն Քննչական կոմիտե: Անձի գաղտնիությունը երաշխավորվում է: