Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան

Կարևոր է Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների բարեկամական, համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու: Բայց նման ծրագրով առաջ շարժվելը բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից:

Հիմա, այս համատեքստում բնական հարց է առաջանում՝ ինչքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը հատկապես այն տրամաբանությամբ, որի մասին խոսել ենք, ասել ենք, որ մենք փորձում ենք, ամեն ինչ կանենք առաջիկա ամիսներին նման արդյունքի հասնելու համար:

Ըստ էության, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական: Էլի եմ ասում, եթե կողմերը հավատարիմ են մնում արդեն իսկ պայմանավորված սկզբունքներին:

Ուզում եմ հիշեցնել, թե որոնք են այդ սկզբունքները: Առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը՝ 86 600 քառակուսի կիլոմետր:

Ի դեպ, ուզում եմ ասել, որ մեր հայացքից չի վրիպել, որ այս թվերի, այսպես ասած, ճշգրտությունը նաև քննադատությունների առարկա և թիրախ է դառնում, որովհետև շատերն ասում են, թե դա ի՞նչ թիվ է՝ 29 800 քառակուսի կիլոմետր: Այսինքն՝ կլոր թվերի նկատմամբ ավանդական անվստահությունն այստեղ էլ է աշխատում: Ես ուզում եմ մի շատ կարևոր արձանագրում անենք, որպեսզի թեման ամբողջապես պարզ լինի, որովհետև պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակում, և հիմնական գաղափարը եղել է հղում անել կողմերի ազդեցությունից դուրս գտնվող ինչ-որ մի աղբյուրի, և հիմք վերցնել այդ թիվը՝ հասկանալով, որ հետագա քննարկումների և համաձայնությունների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա, դելիմիտացիա և այդպես շարունակ:

Ըստ էության, պիտի ասեմ, որ այս թվերը վերցված են Խորհրդային Միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից, որտեղ արձանագրվել են Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի մասին արձանագրումներ. այնտեղ գրված է Հայաստանի Հանրապետություն 29 800, Ադրբեջանական Հանրապետություն 86 600: Ես այստեղ գալուց առաջ ևս մեկ անգամ նայեցի, օրինակ, դա արձանագրված է Հանրագիտարանի 1977 թվականի հրատարակություններում, նաև հետագա, ես վստահ էլ չեմ հաջորդ հրատարակությունները երբ են եղել և այդպես շարունակ:

Ահա, այս պրոցեսի քաղաքական բնույթից գործնականացնելու համար է նաև երկրորդ սկզբունքն արձանագրվել, որ կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ի՞նչ է նշանակում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնել դելիմիտացիա: Դա նշանակում է, ըստ էության, ելնել այն իրողությունից, որ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, որոնց անխախտելիությունը կողմերը ճանաչել են և ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրով:

Իհարկե, դելիմիտացիայի գործընթացում առանցքային նշանակություն ունի նաև Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման, ընդունման պահի դրությամբ առկա իրադրությունն արձանագրող քարտեզների առկայությունը: Պիտի ասեմ, որ կա շատ կարևոր հանգամանք, որ, ըստ էության, կողմերի տիրապետության տակ կան քարտեզներ, որոնք արտահայտում են այդ իրողությունները: Հետևաբար՝ կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում, այս գործընթացով նույնպես բավականին արագ և արդյունավետ կարելի է առաջ գնալ:

Երրորդ սկզբունքը, որն ըստ էության, նախորդ երկու սկզբունքների մեջ ներառված է, հետևյալն է, որ բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա և տարածաշրջանային կոմունիկացիաները գործելու են փոխադարձության և հավասարության հիմունքներով:

Սա էլ երրորդ սկզբունքն է: Եվ այս սկզբունքի վերաբերյալ մեր դիրքորոշումները մենք վերջերս ամփոփեցինք՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ամբողջական և հայեցակարգային տեսք տալով: Այս մասին ես արդեն հասցրել եմ ձեզ պատմել: Ինչո՞ւ էր անհրաժեշտ սա անել: Սա կարևոր հանգամանք է, որովհետև ամենատարբեր և ձեզ հայտնի հանգամանքների բերումով այս թեմայի շրջանակներում տեղի էին ունենում կամ կարող էին տեղի ունենալ բազմաթիվ տարընթերցումներ, բազմաթիվ հակադիր մեկնաբանություններ, և առանցքային խնդիր է ճշգրտել սկզբունքները, այդ թվում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և աշխատանքի, որը մենք ամփոփել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բովանդակության մեջ:

Ընդ որում՝ այդ սկզբունքների մեջ ոչ մի նորություն չկա, և պիտի արձանագրեմ, որ, ըստ էության, դրանք նույնպես որոշակի, արդեն իսկ տեղի ունեցած պայմանավորվածությունների, ընկալումների, ըմբռնումների հիման վրա ձևավորված սկզբունքներ են: Այլ բան, որ մենք անհրաժեշտ համարեցինք դրանք մի տեղում հավաքելը:

Այս թեմայի վերաբերյալ ուզում եմ ընդգծել մի կարևոր առանձնահատկություն, որ «Խաղաղության խաչմերուկի» նախագծում մենք, նորից տարընթերցումներից խուսափելու համար, արձանագրում ենք հետևյալը, որ կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում, իր սահմանին ապահովում է սահմանային մաքսային հսկողություն, և բացի այդ, կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է, ընդհանուր առմամբ, կոմունիկացիաների անվտանգությունը: Խոսքը վերաբերում է ճանապարհներին, ավտոճանապարհներին, երկաթուղիներին, ավիահաղորդակցության ուղիներին, խողովակաշարերին, մալուխներին, էլեկտրահաղորդման գծերին: Կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է կոմունիկացիաների անվտանգությունը, և բացի այդ՝ այդ կոմունիկացիաներով մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների անվտանգ անցումը: Այսինքն, իր տարածքում ապահովում է յուրաքանչյուր կողմ, ընդհանուր առմամբ, ենթակառուցվածքների անվտանգությունն՝ ակնհայտորեն, և իր տարածքով՝ կոմունիկացիաներով, մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների: Բեռ ասելով՝ ապրանքների անցման անվտանգությունը, ապրանք ասելով՝ պետք է նկատի ունենալ նաև էլեկտրական հոսանք, հնարավոր խողովակաշարերով ռեսուրսներ, ինտերնետային հաղորդակցություն և այլն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել