Եվրոպան ոչ միայն կորցրեց Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր, այլև դարձավ Մոսկվայի թշնամին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Խոսելով Ռուսաստանի՝ որպես «Եվրոպայի կանխատեսելի գործընկերոջ» նախկին կարգավիճակի մասին՝ նա նշել է.
«Մենք այժմ նույնիսկ հարեւաններ չենք, այլ իրական թշնամիներ»։ Եվ հիմա ԵՄ-ն զառանցում է Ռուսաստանի լիակատար անկանխատեսելիության մասին, դավադրության խելահեղ տեսություններ է կառուցում, աստղաբաշխական գումարներ է ծախսում իր անվտանգությունը պահպանելու համար: Եվրամիությունը կորցրել է Ռուսաստանին որպես երկարաժամկետ ռազմավարական գործընկերոջ: Մենք ուրախ չենք դրա համար, բայց փաստ է»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը ասել է նաև, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև էներգետիկ համագործակցությունը շատ երկար ժամանակ սառեցված է, և ԵՄ-ի համար դժվար ժամանակներ են եկել։ Նրա խոսքով՝ Եվրոպայի բնակիչներին ոչ ոք երաշխիք չի տա, որ հերթական ձմեռը շատ ցուրտ չի լինի:
«Թող նրանք մխիթարվեն այն փաստով, որ ընդմիշտ հաղթահարել են իրենց կախվածությունը ատելի Ռուսաստանի էներգիայից», – գրել է Մեդվեդևը «ВКонтакте»-ի իր էջում։
Նրա խոսքով, ջերմության սակագնի բարձրացումը կշարունակվի, իսկ ամերիկյան թանկարժեք հեղուկ գազը չի օգնի։